Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է «Մաքրագործող կրակ» օպերացիայի մեկնարկի մասին, որն ուղղված է լինելու իշխանության բոլոր ճյուղերում կոռուպցիայի դեմ պայքարին և կվերաբերի իր նախորդի՝ Վիկտոր Օրբանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս մասին Պետեր Մադյարը հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ «Մաքրագործող կրակ» օպերացիան լինելու է մասշտաբային քաղաքական և իրավական արշավ, որի նպատակն է Հունգարիայի ազատումը կոռուպցիայից և «մաֆիայի ճնշումից»։
Մադյարը որպես «մաֆիա» է որակել իր նախորդի՝ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» պարտիան։ Նրա խոսքով՝ օպերացիայի գլխավոր բաղադրիչներից մեկը լինելու է Պետական ակտիվների վերադարձի և պաշտպանության ազգային ծառայության ստեղծումը, ինչի համար փոփոխություններ կկատարվեն 47 օրենսդրական ակտերում։ Նոր գերատեսչությունը կհետաքննի պետական գույքի չարաշահման դեպքերը, կուսումնասիրի կասկածելի ֆինանսական փոխանցումները և իրավական աջակցություն կցուցաբերի այն ակտիվների վերադարձմանը, որոնք, իշխանության վարկածով, անօրինական կերպով դուրս են բերվել Հունգարիայից։
Մադյարը նաև անոնսել է ևս մեկ փոփոխություն, որով պատգամավորական մանդատի առավելագույն ժամկետը կսահմանվի 12 տարի, այսինքն՝ երեք ժամկետ։ Նրա խոսքով՝ այս քայլն ուղղված է Ազգային ժողովի շրջանակներում իշխանության չափից ավելի կենտրոնացումը կանխելուն։
Նոր նախաձեռնությունը նախատեսում է նաև օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորները հնարավորություն կունենան դատարանի նախագահին ընտրել իրենց շարքերից։ Կվերականգնվի նաև դատավորների համար տարիքային սահմանափակումը՝ 70 տարեկանը։ Այս տարիքը գերազանցած դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պոլտի լիազորությունները և դրանց հետ կապված անձեռնմխելիությունը կդադարեցվեն։ Կփոխվեն նաև Կուրիայի (Հունգարիայի Գերագույն դատարանի) և Դատական ազգային խորհրդի ղեկավարների ընտրության ու պաշտոնից ազատման կանոնները։
Դրա հետ մեկտեղ, Մադյարը հայտարարել է, որ կսկսվի Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի լիազորությունների դադարեցման ընթացակարգը, քանի որ նա, չնայած կառավարության պահանջին, հրաժարվել է կամավոր հրաժարական տալ։
«Այսօր մենք սկսում ենք հունգարական «Կոզա Նոստրայի» պարտությունը։ Քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս, հանցագործից հանցագործ մենք առաջ ենք շարժվում»,- հայտարարել է Մադյարը՝ զուգահեռներ անցկացնելով սիցիլիական մաֆիայի հետ։