Պետեր Ֆիշերը նշում է, որ իրանական սցենարը չի քննարկվել հունվարի 15-ի հանդիպման ժամանակ և Գերմանիայի անունից բողոքում է նման ապատեղեկատվության դեմ
Պետեր Ֆիշերը նշում է, որ իրանական սցենարը չի քննարկվել հունվարի 15-ի հանդիպման ժամանակ և Գերմանիայի անունից բողոքում է նման ապատեղեկատվության դեմ

«Սուտ է, թե 15 հունվարին դեսպանատանը կայացած հանդիպմանը քննարկվել են «Իրանի ռադիկալ սցենարները»․ նման բան ընդհանրապես չի բարձրացվել։ Գերմանիայի անունից դատապարտում եմ այս ագրեսիվ դեզինֆորմացիան» — այս մասին գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը սոցիալական ցանցում։

Ֆիշերի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդների մտահոգությունը, թե Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն արգելափակված է։

«15 հունվարի ես Գերմանիայի դեսպանատանը հանդիպեցի Վրաստանի երիտասարդների միության անդամներին և լուսանկար հրապարակեցի «Իքս»-ում։ Այսօր «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունները հայտարարում են, թե այս հանդիպումը եղել է «գաղտնի», և այնտեղ խթանվել են «Իրանի ռադիկալ սցենարները»։ Սա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Նման հարց ընդհանրապես չի բարձրացվել։ Գերմանիայի անունից ես բողոքում եմ այս ագրեսիվ դեզինֆորմացիայի դեմ։ Մենք քննարկել ենք երիտասարդների անհանգստությունները՝ կապված Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհի արգելափակման հետ, կրթական բարեփոխումները, ինչպես նաև խորը բևեռացված մթնոլորտը, որտեղ այլ կարծիքը համարվում է դավաճանություն, մինչդեռ իրականում դա ժողովրդավարության հիմքն է։ Լավ ապագայի համար մեզ բոլոր երիտասարդները պետք են», – գրել է դեսպանը։

Հեռուստաընկերություն «Իմեդի»-ն այսօր հաղորդել էր, որ Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը հունվարի 15-ին հանդիպել է մի շարք ակտիվիստների, որոնք մասնակցել էին բողոքի ակցիաներին։ Ըստ հաղորդման՝ ներկա են եղել ակտիվիստներ Լուկա Միշվելաձեն, Մեգի Ֆերաձեն, Արչիլ Գոչիտաշվիլին, Դավիթ Սեխնիաշվիլին, Սերգեյ Քանչելին, Նիկոլոզ Խոսրոշվիլին, Աննի Ֆրիդոնաշվիլին և Դավիթ Քաշիաշվիլին։ Ըստ «Իմեդի»-ի՝ հանդիպման թեման եղել է ակցիաների ֆինանսավորումը և հետագա ռազմավարությունը, այդ թվում՝ իրանական սցենարների քննարկում։ Հանդիպման մասնակիցները հաստատում են հանդիպման փաստը, սակայն նշում են, որ քննարկման հիմնական թեման եղել է Վրաստանի եվրաինտեգրումը։