Պավել Հերչինսկի. Նրանք փորձում են Եվրոպական Միությունը ներկայացնել որպես թշնամի, սա անարդար է, մենք հույս ունենք, որ Վրաստանի կառավարությունը կվերադառնա այն սկզբունքների հարգմանը, որոնց վրա հիմնված է Եվրոպական Միությունը
Պավել Հերչինսկի. Նրանք փորձում են Եվրոպական Միությունը ներկայացնել որպես թշնամի, սա անարդար է, մենք հույս ունենք, որ Վրաստանի կառավարությունը կվերադառնա այն սկզբունքների հարգմանը, որոնց վրա հիմնված է Եվրոպական Միությունը

Ավելի քան 30 տարի է, մենք կանգնած ենք Վրաստանի կողքին՝ կիսելով տարիների ընթացքում կուտակված բարին, քանի որ հավատում ենք Վրաստանին, ինչպես Վրաստանի ժողովուրդն է հավատում Եվրոպային, – այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին՝ Քութայիսում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրամիության հասցեին հնչող մեղադրանքները անհիմն և անարդար են։

«Ուրախ եմ, որ Թբիլիսիից և Բաթումից հետո Եվրոպայի օրը նշում ենք այստեղ՝ Քութայիսում։ Պատմականորեն Քութայիսը եղել է երկրի մշակութային և ինտելեկտուալ կենտրոնը. իսկական եվրոպական գաղափարների աշխարհ։ Քութայիսը միաժամանակ ավանդույթների և ժամանակակից քաղաքի կերպար է կրում՝ պահպանելով տպավորիչ անցյալը և ձգտելով նորարարության։

Սա է Եվրոպան՝ մշտական առաջընթաց դեպի զարգացում՝ հարգելով միմյանց յուրահատուկ մշակույթներն ու ավանդույթները։

Եվրամիության անդամ պետություններն էլ ունեն հարուստ պատմություն։ Այդ պատմությունն է հիշեցնում մեզ, թե «ինչպիսին էինք և ինչպիսին ենք այսօր»՝ խաղաղության, տնտեսական բարօրության և արժեքների միություն։ Ավել քան 30 տարի է՝ մենք կանգնած ենք Վրաստանի կողքին, ձեր կողքին, կիսում ենք տարիների ընթացքում կուտակված բարին։ Մենք դա անում ենք, քանի որ հավատում ենք Վրաստանին, ինչպես Վրաստանի ժողովուրդն է հավատում Եվրոպային։

Սակայն մենք նաև լսում ենք անհիմն մեղադրանքներ, փորձեր նսեմացնելու այսքան տարվա բարեկամությունը, մեզ իրարից բաժանելու և Եվրամիությանը որպես թշնամի ներկայացնելու։ Սա անարդար է։ Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ Վրաստանի իշխանությունները կվերադառնան այն սկզբունքների հարգմանը, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։ Մի կորցրեք հույսը։ Մենք էլ չենք հանձնվում, քանի որ զգում ենք Վրաստանի ժողովրդի աջակցությունն ու բարեկամությունը։ Այսօրվա օրը դրա հստակ օրինակն է։

Այսօր մենք նշում ենք մեր միասին լինելու, մեր ընդհանուր ձեռքբերումների և պատմության օրը։ Եվ հույս ունենք, որ մի օր միասին կդիմավորենք նաև ընդհանուր ապագան։ Առաջ, Վրաստան, առաջ», – հայտարարել է Հերչինսկին։