Պատրաստ ենք, նույնիսկ վաղը դադարեցնել մարտական գործողությունները, եթե Հայաստանը բանակցային գործընթացում կլինի կառուցողական. Իլհամ Ալիև
Մենք միշտ պատրաստ ենք հանդիպման համար և Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի դադարեցնենք առճակատումը և գտնենք դրա լուծման ուղիները: Մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք ցանկանում ենք նաև մեր տարածքները, որոնք իրավաբանորեն մեզ են պատկանում,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, չնայած նրան, որ ինքը բազմիցս եղել է Մոսկվայում, այս անգամ նման հրավեր չի ստացել: Իլհամ Ալիևի հայտարարությամբ, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չէր եղել և այն պայմանական կստանձներ «Սորոսը», Մոսկվայում եռակողմ հանդիպումները հաճախակի էին:
«Պատրաստ ենք, նույնիսկ վաղը դադարեցնել մարտական գործողությունները, եթե Հայաստանը բանակցային գործընթացում կլինի կառուցողական: Սակայն, հայտարարություններն որոնք լսում ենք Երևանից, լիովին հակասում են սկզբունքներին, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Եթե հայկական կողմը վերջապես գիտակցի, որ ռազմական սադրանքներն իրենց հասցնում են աղետի, մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ:
Մենք հավատարիմ ենք հիմնական սկզբունքներին, որը նախատեսում է՝ ապաբռնազավթում, հայ և ադրբեջանցի բնակչության համակեցություն, Շուշիի և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի այլ բնակավայրեր ադրբեջանցիների վերադարձը: Հայաստանի վարչապետը խոսում է միայն ինքնորոշման մասին»,- հայտարարել է Ալիևը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական դիտորդների տեղակայմանը ՝ անվտանգության և հրադադարի ռեժիմի ապահովման համար, Իլհամ Ալիևը ասել է, որ խաղաղապահների տեղակայումը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով և նրանք պետք է որոշեն, թե որ երկրի զորակազմը կկատարի այդ առաքելությունը, եթե դա լինի օրակարգում:
Ըստ Ալիևի, Ռուսաստանը միշտ էլ կարևոր դեր է ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական առումով: Ալիևի խոսքերով, մեկ այլ պատճառն էլ այն է, որ Ռուսաստանը ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանում շատ տասնամյակներ, և առկա է փոխգործակցության բարձր մակարդակ: