Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ. Չկան ապացույցներ, որ Ուկրաինան հարձակում է իրականացրել Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա
Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ. Չկան ապացույցներ, որ Ուկրաինան հարձակում է իրականացրել Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա

Ամերիկյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) հայտարարել է, որ չկան ապացույցներ, որոնք հաստատում են Ուկրաինայի կողմից Վլադիմիր Պուտինի ռեզիդենցիայի վրա հարձակման փաստը։

Ինստիտուտի վերլուծաբանների խոսքով՝ նման «հարձակման» վերաբերյալ հաստատված վկայություններ գոյություն չունեն։ Բացի այդ, օբյեկտի մերձակայքում չկան բաց աղբյուրներում հայտնաբերված գեոլոկացիոն տեսանյութեր, պայթյունների, հրդեհների կամ ծխի կադրեր։

ISW-ի վերլուծաբանները ընդգծում են, որ ուկրաինական ուժերն իսկապես հարվածներ են հասցրել Ռուսաստանի Նովգորոդի շրջանի ռազմական օբյեկտներին, ինչը փաստագրված է։ Սակայն, ռուսական կողմը չի ներկայացրել որևէ ապացույց, որ Պուտինի ռեզիդենցիան իսկապես հարվածի է ենթարկվել դեկտեմբերի 29-ին։

Հայտարարությունում նշվում է․

«ISW-ը չի արձանագրել որևէ տեսանյութ, տեղական կամ տարածաշրջանային հաշվետվություն, որը հաստատում է Ուկրաինայի հարվածները Պուտինի ռեզիդենցիայի մերձակայքում, ինչպես պնդում է Լավրովը։ Նաև, Լավրովի հայտարարությունը Նովգորոդի շրջանում 89 ուկրաինական դրոնի խոցման մասին հակասում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ 28-29 դեկտեմբերի գիշերը ընդամենը 47 դրոնի խոցման տվյալներին։ Սա նույնպես կասկածի տակ է դնում հարձակման մասին պնդումը»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ուկրաինան փորձել է հարվածել Պուտինի պետական ռեզիդենցիային՝ օգտագործելով 91 անօդաչու սարք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել էր, որ այդ հնարավոր հարձակման մասին տեղեկացել է անձամբ Պուտինից՝ մեկնաբանելով․ «Սա լավ չէ, իր տան վրա հարձակումն այլ բան է»։