Պակիստանում երկաթուղային գծերի մոտ ռումբ է պայթել, որի հետևանքով 16 մարդ է զոհվել, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Բելուջիստանի ազատագրական բանակը
Պակիստանում երկաթուղային գծերի մոտ ռումբ է պայթել, որի հետևանքով 16 մարդ է զոհվել, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Բելուջիստանի ազատագրական բանակը

Պակիստանի հարավ-արևմտյան մասում երկաթուղային գծերի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ՝ վիրավորվել է ավելի քան 70 մարդ, որոնցից 20-ը գտնվում են ծանր վիճակում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քվետա քաղաքում երկաթուղային գծերի մոտ ռումբ է պայթել, երբ ուղևորատար գնացք է անցել: Ըստ «Ասոշիեյթեդ պրես»-ի, պայթյունի ժամանակ գնացքի երկու վագոններ հրդեհվել են։ Նրանց տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ սովորաբար տեղակայված են անվտանգության ուժերը։

Պայթյունը լուրջ վնաս է հասցրել մոտակա մի քանի շենքերին և ճանապարհի երկայնքով կայանված տասնյակից ավելի մեքենաների։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Բելուջիստանի ազատագրական բանակը՝ արգելված խմբավորում, որը ձգտում է անկախության Պակիստանի կենտրոնական կառավարությունից։

Խումբը լրագրողներին ուղղված հայտարարության մեջ նշել է, որ թիրախը անվտանգության աշխատակիցներին տեղափոխող գնացքն էր։

«Մենք խստորեն դատապարտում ենք անմեղ քաղաքացիներին թիրախավորելը և խորապես վշտացած ենք մարդկային կյանքի կորստի համար։ Ահաբեկչական տարրերը արժանի չեն հանդուրժողականության», – ասել է Բելուջիստան նահանգային կառավարության խոսնակ Շահիդ Ռինդը։

Նա հավելել է, որ պայթյունից հետո Քվետա հիվանդանոցներում հայտարարվել է բժշկական արտակարգ իրավիճակ, և սկսվել է միջադեպի հետաքննություն։