Օգոստոսի 1-ից արտարժութային վարկերի սահմանաչափը կաճի մինչև 750 հազար լարի
Վրաստանի ազգային բանկի որոշմամբ՝ ոչ հեջավորված արտարժույթի վարկերի սահմանաչափը բարձրացվել է 500,000-ից մինչև 750,000 լարի։ Դա նշանակում է, որ այն քաղաքացիները, ովքեր եկամուտ ստանում են լարիով, այլևս չեն կարող վերցնել մինչև 750,000 լարիի չափով վարկ այլ արտարժույթով։
Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2025 թվականի օգոստոսի 1-ից։
Վրաստանի ազգային բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի ղեկավար Դավիթ Ութիաշվիլիի խոսքով՝ դոլարիզացիան շարունակում է մնալ Վրաստանի ֆինանսական հատվածի հիմնական մարտահրավերներից մեկը, և ազգային բանկը անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր՝ երկրում դոլարիզացիայի մակարդակը նվազեցնելու համար։
«Դոլարիզացիան մնում է մեր ֆինանսական հատվածի հիմնական մարտահրավերներից։ Ներկայումս վարկերում արտարժույթի բաժինը կազմում է մոտ 43%, իսկ ավանդներում՝ 50%։ Սա տարածաշրջանում և գլոբալ առումով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Այդ ռիսկերին արձագանքելու համար ազգային բանկը մշտապես ձեռնարկում է դեդոլարիզացիային ուղղված քայլեր։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք արտարժույթով ոչ հեջավորված վարկառուների համար վարկավորման շեմը 200,000 լարիից աստիճանաբար բարձրացրել ենք մինչև 500,000 լարի, իսկ այժմ, օգոստոսի 1-ից, այն կդառնա 750,000 լարի։
Գլխավոր պատճառը այն է, որ թեև երկարաժամկետ կտրվածքով դոլարիզացիայի նվազման միտում կա, վերջին մեկուկես տարվա ընթացքում այդ միտումը որոշ չափով դանդաղել է։ Ազգային բանկի նպատակն է խթանել լարիզացիան, և այդ քայլերն արվում են հենց այս նպատակի համար։ Մոտավորապես 500,000-ից 750,000 լարիի հատվածում տարեկան տրվում է շուրջ 1000 վարկ, ընդհանուր մոտ 150 մլն դոլարի համարժեքով։ Այս որոշումը վերաբերում է հենց այդ հատվածին և թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով դեդոլարիզացիան վերադարձնել նվազման միտման։ Ներկայիս մակարդակը դեռ բարձր է, և սպասում ենք, որ տարվա վերջին վարկերում դոլարիզացիան կարող է մոտենալ 40%-ին և հետագա տարիներին շարունակել նվազել։ Դեդոլարիզացիան ազգային բանկի երկարաժամկետ նպատակն է։
Մենք կհետևենք միտումներին։ Եթե տեսնենք, որ անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել, դա ևս կանենք։ Հիմա կարծում ենք, որ 750,000 լարի շեմը համարժեք է, որպեսզի դեդոլարիզացիան շարունակվի և դառնա անշրջելի։ Եթե նկատենք, որ ռիսկերը չեն նվազում, այլ աճում են, ազգային բանկը, ինչպես նախկինում, նոր միջոցառումներ կձեռնարկի։ Դժվար է հիմա ասել, թե ինչ գործիք կլինի դա․ կարող է լինել այս նույն գործիքի շրջանակում շեմի փոփոխություն կամ այլ մեխանիզմի կիրառում», – ասել է Դավիթ Ութիաշվիլին։
Հարցին, թե ինչն է պայմանավորել դոլարիզացիայի նվազման դանդաղումը, Ութիաշվիլին նշել է, որ 2022 թվականից երկիր էր մտնում արտարժույթ, որը կուտակվել էր ավանդներում։ «Մեկ պատճառը այն է, որ 2022 թվականից արտարժույթի արտահոսք ու մուտք եղավ, և այդ գումարները կուտակվեցին ավանդներում։ Բնական է, որ դրանց զգալի մասը դրվեց արտասահմանյան բանկերում, և ազգային բանկը որոշ գործիքներ կիրառեց՝ արձագանքելով այդ իրավիճակին։ Սակայն այդ գումարները մնացին ավանդներում, և բանկային հատվածի մոտ հայտնվեց որոշակի դրդապատճառ դրանք վարկերի տեսքով տրամադրելու համար։ Դա էլ կարող է բացատրել, թե ինչու արտարժույթով վարկավորումը շարունակվեց, իսկ դեդոլարիզացիայի տեմպը դանդաղեց», – ասել է Ութիաշվիլին։տն