Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով ավտոճանապարհների տարբեր հատվածներում սահմանվել են երթեւեկության հատուկ ռեժիմներ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ ձյան, բքի, ձնահոսքի վտանգի և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքում ավտոճանապարհների տարբեր հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։
Գերատեսչության տվյալներով՝ իրականացվում են ճանապարհների մաքրման և տեխնիկական աղի լցման աշխատանքներ։
«Ինտենսիվ ձյան պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ 50-կմ 158, Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ներքին պետական ավտոճանապարհին, միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմայրուղու վրա, Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) երթևեկությունը ժամանակավորապես արգելված է նաև Վազիանի-Գոմբորի-Թելավի ներքին կմ 36-կմ 64 (Վերոնա-Թելավի) հատվածում, միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Նինոծմինդա-Հայաստանի Հանրապետության սահման) հատվածում, Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ 86-կմ 106 հատվածում:
Ճանապարհները մաքրվում են տեխնիկական աղով։ Սակայն օդերևութաբանական պայմանները դեռևս բարդ են, ինչի պատճառով վարորդներին խնդրում ենք երթևեկել սարքին, սեզոնային ձմեռային անվադողերով և ցուցաբերել առավելագույն ուշադրություն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։