Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հետ
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին խոսքով ելույթ ունենալիս: Սա նրա առաջին ելույթն էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունն է: Նա Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հետ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցը: Արցախի Հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունը ՀՀ-ի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում: Ռազմական միջոցներով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ անմիջական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նաև հավելել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»: