Նիկոլ Փաշինյան. Վրաստանի եվրոպական հեռանկարները շատ կարևոր են Հայաստանի եվրոպական ձգտումների համար
«Վրաստանի եվրոպական հեռանկարները շատ կարևոր են Հայաստանի եվրոպական ձգտումների համար», – այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 8-րդ համաժողովի» շրջանակում անցկացված «Ղեկավարության խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ։
Հայաստանի կառավարության ղեկավարը պատասխանել է հարցին՝ արդյոք Ադրբեջանի հետ համաձայնությունը կարող է լինել երկու երկրների եվրոպական ինտեգրման ուղղությամբ կատարված առաջին քայլը։
«Սա որոշ չափով առնչվում է տարածաշրջանում մեկ այլ երկրի՝ Վրաստանի եվրոպական հեռանկարին։ Չեմ կարող խոսել Ադրբեջանի անունից, դա ճիշտ չէր լինի, բայց դուք գիտեք, որ մենք ընդունել ենք օրենք Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցության մասին։ Դա մեր ձգտումների, մեր հավակնությունների հստակ վկայությունն է։ Հայաստանում հնարավոր դարձավ այդ օրենքի ընդունումը, քանի որ մեկ տարի առաջ Վրաստանը ստացավ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Չեմ կարող հաստատ ասել, քանի որ սա նաև աշխարհագրության հարց է, բայց Հայաստանի պարագայում կարծում եմ՝ Վրաստանի եվրոպական հեռանկարները չափազանց կարևոր են», – նշել է Նիկոլ Փաշինյանը։