Նիկոլ Փաշինյան. Հնարավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի անկախությանը սպառնացող ընդհանուր սպառնալիք լինի
Նիկոլ Փաշինյան. Հնարավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի անկախությանը սպառնացող ընդհանուր սպառնալիք լինի

Հնարավոր է, որ գոյություն ունի ընդհանուր վտանգ Հայաստանի և Ադրբեջանի անկախության համար, – այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում։

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ հարավային Կովկասի երկրներն ունեն նմանատիպ պատմական փորձ անցած դարում։

«Հնարավոր է, մենք արդեն սկսել ենք գիտակցել, որ ընդհանուր շահերի համար՝ մասնավորապես մեր անկախության, ինքնիշխանության և պետականության ամրապնդման նպատակով, կարող է գոյություն ունենալ ընդհանուր գործոն, հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ այդ ճանապարհով մենք կշահենք։ Ի դեպ, 20-րդ դարի սկզբին մենք միասին ստացանք անկախություն՝ երեք օրում։ 1918 թվականին մենք ստացանք անկախություն, իսկ մի քանի տարի անց միաժամանակ կորցրեցինք այն՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ 1991 թվականին մենք միաժամանակ՝ միասին ստացանք անկախություն, և հնարավոր է, որոշ ժամանակ անց գիտակցեցինք, որ մեր անկախությանը կարող է սպառնալ ընդհանուր վտանգ։ Եվ մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետությունների զարգացման, մեր անկախության և ինքնիշխանության պաշտպանության օրակարգի վրա։ Իմ կարծիքով՝ սա շատ կարևոր գործոն է, սակայն վստահ չեմ, որ Ադրբեջանի դեպքում ադրբեջանական կողմից գնահատականը նույնը կլինի», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարողանան օգտագործել միմյանց տարածքը տարանցման համար։ Փաշինյանի հայտարարությամբ՝ Հայաստանը պատրաստ է բացել տարանցիկ ճանապարհը Թուրքիայից Ադրբեջան։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ հնարավոր է, շատ ուժեր շահագրգիռ չլինեն այս հաղորդակցային ուղիների բացման հարցում, բայց իրականում այս նախագծից բոլոր դերակատարները կշահեն։

«Վաշինգտոնում ընդունված խաղաղության հռչակագրի համաձայն՝ ենթադրվում է մեր հաղորդակցային ուղիների բացում Ադրբեջանի հետ, և մենք հույս ունենք, որ այս շրջանակներում կբացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները։ Ինչ արդյունք կունենանք մենք արդյունքում՞ Մենք կունենանք բաց հաղորդակցային ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Սև ծովի միջև, կունենանք նոր կապ Կասպից և Միջերկրական ծովերի միջև, կունենանք նոր հնարավորություններ։ Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի հետ, երկաթուղային կապ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Գիտե՞ք՝ ինչ տեղի ունեցավ վերջերս։ Ադրբեջանը հայտարարեց, որ հանում է բոլոր սահմանափակումները Հայաստանի տարածքով իր տարանցիկ երթևեկության վրա։ Դա շատ կարևոր հայտարարություն է, և ես այն բարձր եմ գնահատում, քանի որ սա Ադրբեջանի իսկապես պատմական որոշում է, և մենք դա գնահատում ենք։ Մենք նույնպես պատրաստ ենք բացել մեր հաղորդակցային ուղիները Ադրբեջանի հետ, և ես վերջերս հայտարարել եմ, որ պատրաստ ենք ապահովել բեռնատարների երթուղին Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա», – նշել է Նիկոլ Փաշինյանը։