Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վերջին ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վերջին ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը։
Վիճակագրության համաձայն՝ գրանցված հանցագործությունների բացահայտման մակարդակը հասել է 67.25 տոկոսի, ինչը բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տվյալների համաձայն՝ գրանցվել է ընդհանուր 40,464 հանցագործություն, ինչը 2024 թվականի համեմատ ավելացել է 2.26 տոկոսով։
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և տարածման դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ աշխատակիցները երկրի տարածքում ինտենսիվ գործողությունների և քննչական միջոցառումների արդյունքում 2025 թվականի առաջին ինը ամսում բացահայտել են թմրանյութերի հետ կապված 7,199 դեպք, ինչը 46.92 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի իրացման 660 դեպք։
75 տոկոսով աճ է գրանցվել այն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, որոնք կապված են այսպես կոչված «գողությունների աշխարհ»-ի հետ։ Նույնպես արձանագրվել է 33 տոկոսանոց աճ՝ ապօրինի կրակային զենքի ձեռքբերման, պահման և կրելու դեպքերում։
2025 թվականի ինը ամիսների տվյալներով՝ նվազել են որոշ հանցագործությունների տեսակներ, մասնավորապես՝ բնակարանային գողությունները, կողոպուտները, խաբեության և շորթման դեպքերը։ Նվազել է նաև դիտավորյալ սպանությունների թիվը։ Կրճատման միտում է նկատվում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով՝ այս տեսակի հանցագործությունները նվազել են 4.48 տոկոսով՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Բացի այդ, նվազել է սեռական բնույթի հանցագործությունների թիվը՝ 2025 թվականին արձանագրվել է 121 դեպքով պակաս։ Նվազել են նաև կիբերհանցագործությունների և թրաֆիքինգի, այդ թվում՝ անչափահասների առքուվաճառքի դեպքերը։ Սակայն նույն ժամանակահատվածում աճել են տրանսպորտային հանցագործությունները՝ մասնավորապես 181 դեպքով ավելացել է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտումների թիվը», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։