Մոսկվայում մտածում են Վրաստանի հետ չվերթների վերականգնման մասին, սակայն կոնկրետ ամսաթիվ Գրիգորի Կարասինը չի նշել. Զուրաբ Աբաշիձե
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ՝ Զուրաբ Աբաշիձեի հայտարարությամբ, Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթների վերականգնման հարցը հանդիպման ժամանակ բարձրացրել է Գրիգորի Կարասինը:
Աբաշիձեի խոսքով, Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները ազդեցություն են ունեցել ուղիղ ավիափոխադրումների վրա:
Դրա հետ մեկտեղ, Աբաշիձեն նշել է, որ Ռուսաստանում մտածում են չվերթները վերականգնելու մասին, սակայն որևէ կոնկրետ ամսաթիվ չի նշվել:
«Այս հարցը բարձրացրել է Կարասինը, նա ասել է, որ հունիսյան իրադարձությունները ազդեցություն են ունեցել ռուսական կողմի որոշման վրա, որի համաձայն կասեցվել էին ուղիղ չվերթները Վրաստան-Ռուսաստանի միջև: Նա ասել է, որ Մոսկվայում մտածում են չվերթների վերականգնման շուրջ, սակայն կոնկրետ ամսաթվեր չի նշել: Ես ասել եմ նրանց, որ որոշումն իրենցն է: Հայտնի է մեր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ, մենք աջակցում ենք մարդկանց միջև շփումներին և անհամբերությամբ սպասում նրանց որոշմանը: Երբ նրանք պատրաստ լինեն, ապա անհրաժեշտ կլինի համաձայնեցնել տեխնիկական հարցերը և չվերթները կվերականգնվեն»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն: