Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը բացասականից մինչև կայուն
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը բացասականից մինչև կայուն

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի կանխատեսումը բացասականից մինչև կայուն և հաստատել վարկանիշը Ba2 մակարդակում։

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության, բարելավված հեռանկարի հիմնական պատճառը աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ Վրաստանի խոցելիության գնահատումն է ավելի ցածր մակարդակով։

«Վարկանիշի ուժեղ կողմերն են բարձր տնտեսական աճը, ցնցումների նկատմամբ տնտեսության դիմադրողականությունը, ամուր ինստիտուցիոնալ դաշտը, հարկաբյուջետային կայունությունը և գնաճի նվազումը։

Գործակալության գնահատմամբ՝ 2024 թվականին Վրաստանի տնտեսական աճը ակնկալվում է 5,5 տոկոս մակարդակում։ Գործակալության ակնկալիքների համաձայն՝ ապագայում հաստատուն կերպով կպահպանվի հարկաբյուջետային կայունությունը, ինչը կապահովի պարտքի ցածր մակարդակի պահպանում և նվազման միտում։

Վերջին տարիներին ընթացիկ հաշվի դեֆիցիտի նվազման միտումը դրական է գնահատվել և համարվում է, որ սա ոչ թե ժամանակավոր, այլ կառուցվածքային բարելավում է, որը մի կողմից բարձր հարկաբյուջետային կարգապահության, մյուս կողմից իրականացվող բարեփոխումների արդյունք է»,- ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած տեղեկատվության մեջ։