Ուկրաինան նոր պաշտպանության նախարար ունի։ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Միխայիլ Ֆեդորովի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։
Մասնավորապես, 277 պատգամավոր քվեարկել է Միխայիլ Ֆեդորովի նշանակման օգտին պաշտպանության նախարարի պաշտոնում։
Խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով՝ Միխայիլ Ֆեդորովն ասել է, որ Ուկրաինայի անվտանգության գլխավոր երաշխավորը նրա պաշտպանական ուժերն են։
«Անհրաժեշտ են համապարփակ փոփոխություններ։ Մեր նպատակն է փոխել համակարգը՝ բարեփոխել բանակը, բարելավել առաջնագծում ենթակառուցվածքները, վերացնել կոռուպցիան և հաստատել առաջնորդության և վստահության նոր մշակույթ», – ասել է Ֆեդորովը։
Ֆեդորովը նաև նշել է, որ մոտ ապագայում նախատեսում է անցկացնել «Ուկրաինայի պաշտպանության նախարարության և զինված ուժերի աուդիտ»՝ «զինվորական անձնակազմի ֆինանսական և սոցիալական ապահովության բարելավման լրացուցիչ հնարավորություններ գտնելու» նպատակով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 2-ին Միխայիլ Ֆեդորովի թեկնածությունը առաջադրել է պաշտպանության նախարարի պաշտոնում։