Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի կայունությունը, քանի որ այն անմիջականորեն կապված է մեր երկրի և ընդհանրապես տարածաշրջանի կայունության հետ. Իրակլի Ղարիբաշվիլի
Հայաստանի կայունությունը մեզ համար շատ կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, և դա ուղղակիորեն կապված է մեր երկրի և ընդհանրապես տարածաշրջանի կայունության հետ-, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը շնորհավորել է իր հայ գործընկերոջը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և նշել, որ Հայաստանի վարչապետի նոր տեսլականը կապված է Հայաստանի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ:
«Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել վարչապետին վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Սա, իհարկե, Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջան սկսելու շատ լավ հնարավորություն է: Ինձ ներկայացվեց պարոն վարչապետի նոր տեսլականը, որը կապված է միայն զարգացման, կայուն զարգացման և իր երկրի և հայ ժողովրդի բարեկեցության հետ: Ղարաբաղյան պատերազմն անշուշտ իսկական մարտահրավեր էր մեր տարածաշրջանի համար, բայց այժմ, երբ ես գիտեմ, թե որն է պարոն վարչապետի նոր տեսլականը, ես հավատում եմ, որ այս մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության: Հնարավորություն, որը բարգավաճում կբերի Հայաստանին և հայ ժողովրդին: Նաև կուզենայի ասել, որ Հայաստանի կայունությունը մեզ համար շատ կարևոր է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, և դա անմիջականորեն կապված է մեր երկրի և ընդհանրապես տարածաշրջանի կայունության հետ: Հետևաբար, ես կցանկանայի մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը դնել երեք բառի մեջ `խաղաղություն, կայունություն և բարգավաճում, որը միավորում է մեզ ՝ երեք երկրներին, տարածաշրջանի երկրներին», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: