Մելանյա Թրամփը պատմել է, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երեխաների մասին
«Հուսով եմ, որ խաղաղությունը շուտով կհաստատվի, և դա կարող է սկսվել մեր երեխաներից», – այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Մելանյա Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապի մեջ է՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երեխաների հարցի հետ։ Նրա խոսքով՝ իր և Պուտինի համագործակցության արդյունքում վերջին 24 ժամում ութ երեխա վերադարձել է իրենց ընտանիքներ։
Նրա խոսքով՝ շատ բան է փոխվել այն պահից ի վեր, երբ Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Պուտինին է փոխանցվել իր նամակը։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահը պատասխանը ուղարկել է գրավոր ձևով՝ ցուցաբերելով ուղղակի երկխոսության պատրաստակամություն և ներկայացնելով Ռուսաստանում գտնվող ուկրաինացի երեխաների մասին մանրամասն տեղեկություն։
«Նախագահ Պուտինի և իմ միջև գործում է բաց կապի ուղի՝ երեխաների բարօրության հարցերով։ Վերջին երեք ամիսներին երկու կողմերն էլ բարեխղճորեն մասնակցել են մի քանի ոչ ֆորմալ հանդիպումների և հեռախոսազրույցների։ Մենք պայմանավորվել ենք համագործակցել այս պատերազմի մեջ ներքաշված բոլոր մարդկանց բարօրության համար։ Իմ ներկայացուցիչը անմիջական կապի մեջ է նախագահ Պուտինի թիմի հետ՝ ապահովելու երեխաների անվտանգ վերամիավորումը ընտանիքների հետ Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում։ Արդյունքում, վերջին 24 ժամում ութ երեխա վերադարձել է իրենց ընտանիքներ», – ասել է Մելանյա Թրամփը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է ցուցաբերել տրամադրել օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մելանյա Թրամփի խոսքով՝ ռուսական կողմը փոխանցել է անցած շաբաթ վերադարձած երեխաների կենսագրությունները, լուսանկարներ, ինչպես նաև տվյալներ նրանց տրամադրված սոցիալական, բժշկական և հոգեբանական աջակցության մասին։ Բացի այդ, տրամադրվել է համատեղ պատրաստված մանրամասն հաշվետվություն Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի և Ռուսաստանի նախագահի մանկական օմբուդսմենի գրասենյակի կողմից, որը հաստատվել է ԱՄՆ կառավարության կողմից։