Մայա Սանդու․ «Մոլդովան պատրաստ է ընդունել Ուկրաինայից փախստականների նոր հոսք»
Press conference by Roberta METSOLA, EP President and Maia SANDU, President of the Republic of Moldova
Մոլդովան պատրաստ է ընդունել Ուկրաինայից փախստականների նոր հոսք, եթե ձմռանն Ուկրաինայում ծանր հումանիտար իրավիճակ ստեղծվի․ այս մասին Անվտանգության ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Նրա խոսքով՝ երկիրը պատրաստ է ընդունել այնքան մարդ, որքան անհրաժեշտ կլինի։
«2022 թվականից ի վեր Մոլդովա է ժամանել պատերազմից փախած ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի, իսկ շուրջ 100 հազարն այստեղ տուն է գտել։ Եթե այս ձմռանն Ուկրաինայում իրավիճակն այնքան ծանր լինի, որքան սպասում է ամբողջ աշխարհը, մենք պատրաստ ենք ընդունել այնքան մարդ, որքան անհրաժեշտ կլինի»,- հայտարարել է Սանդուն։
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը նշել է, որ իշխանությունները դիտարկում են Ուկրաինայից փախստականների նոր հոսքի սցենարը և ունեն համապատասխան ծրագրեր։
Նրա խոսքով՝ նախապատրաստությունները չեն սահմանափակվում միայն հումանիտար օգնությամբ։ Մոլդովայի և Ուկրաինայի էլեկտրացանցերը փոխկապակցված են, հետևաբար երկիրը պետք է պատրաստվի նաև հնարավոր էներգետիկ խնդիրներին։
Այն հարցին, թե արդյոք Մոլդովան կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինային, եթե ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի էներգահամակարգը վնասվի, Ռեչանը հայտարարել է, որ ինքը՝ Մոլդովան, չի կարող Ուկրաինային ապահովել անհրաժեշտ քանակությամբ էլեկտրաէներգիայով։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, Մոլդովայի տարանցմամբ հնարավոր է էլեկտրաէներգիայի մատակարարում Ռումինիայից Ուկրաինա։