Արդարադատության նախարարություն. Վրաստանը միակն է տարածաշրջանում և ԵՄ անդամության թեկնածու պետությունների շարքում, որը թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ զբաղեցնում է Պետդեպարտամենտի գնահատման բարձրագույն նիշը

10:20, 09.10.2026

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է թրաֆիքինգի վերաբերյալ 26-րդ ամենամյա զեկույցը, համաձայն որի՝ թրաֆիքինգի դեմ ձեռնարկված միջոցառումներով Վրաստանը կրկին բարձրագույն աստիճանում է և աշխարհի 184 երկրների շարքում արդեն 11-րդ տարին անընդմեջ պահպանում է իր տեղն այսպես կոչված առաջին զամբյուղում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի արդարադատության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ այս տարի գնահատման բարձրագույն սանդղակում տեղ է գտել ընդամենը 33 երկիր:

«Վրաստանը տարածաշրջանում և Եվրամիության անդամության թեկնածու պետությունների շարքում միակն է, որը զբաղեցնում է ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատման բարձրագույն նիշը: Եվրամիության անդամ պետություններից բարձրագույն՝ առաջին զամբյուղում չի հայտնվել 13 երկիր:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Վրաստանը շարունակել է զգալի և կայուն ջանքերը հանցագործության դեմ, ինչն էլ պայմանավորել է երկրի բարձրագույն գնահատականը:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում ընդգծված են թրաֆիքինգի հանցագործության պրոակտիվ հայտնաբերման ու քննության, զոհերի և տուժողների պաշտպանության ու աջակցության մեխանիզմների, այդ թվում՝ հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը:

Վրաստանը զգալի ուշադրություն է դարձնում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին, որը նաև Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացի կարևոր մասն է և ստեղծում է անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից անվտանգ ու հուսալի միջավայր երկրում և տարածաշրջանում:

Վրաստանի կողմից ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում առաջատար դիրք գրավելը և հաշվետու ժամանակահատվածում արձանագրված առաջընթացը մարդկանց թրաֆիքինգի դեմ ուղղված միջոցառումներ իրականացնող միջգերատեսչական համակարգող խորհրդի արդյունավետ աշխատանքի արդյունքն է:

Խորհուրդը ղեկավարում է Վրաստանի արդարադատության նախարարը, և դրա կազմում ընդգրկված են բոլոր համապատասխան պետական գերատեսչությունների, Հանրային պաշտպանի ապարատի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները»,- նշված է Վրաստանի արդարադատության նախարարության տարածած տեղեկատվության մեջ:

Նմանատիպ