Մարտի 29-ին, Վիրահայոց թեմում նշվել է Ավագ հինգշաբթին - Ֆոտոշարք՝ Թբիլիսիի հայկական եկեղեցիներից
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Ավագ հինգշաբթին: Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում:
Առավոտյան, Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:
Այսօր երեկոյան թեմի եկեղեցիներում կատարվել է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ընթերցել են հատվածներ ավետարանից, որոնք հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Այս տարի, Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրը նշում է ապրիլի մեկին:
Ֆոտոշարք՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներից
Լուսանկարներ – Գևորգ Պողոսով