Մարկո Ռուբիոն և Անդրեյ Երմակը հանդիպել են՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մանրամասները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստման մանրամասները։
Այս մասին տեղեկությունը տարածել է Անդրեյ Երմակը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ երկու երկրների պատվիրակությունների միջև փոխանակվել են կարծիքներ ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության հարցերի վերաբերյալ։
Երմակի հայտարարությամբ՝ կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք կարող են ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում կայացած հանդիպմանը ներկա են եղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Ուկրաինայի դեսպանն ԱՄՆ-ում՝ Օլգա Ստեֆանիշինան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 17-ին։ Մեդիայի ենթադրությամբ՝ հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինի Ուկրաինային «Թոմահավք» հրթիռների մատակարարման հարցը։