Մարկո Ռուբիո. Ես չեմ հավատում, որ մենք առաջընթացի կհասնենք Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններում, քանի դեռ Թրամփը չի նստել բանակցությունների սեղանի շուրջ Պուտինի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի տեսնում առաջընթացի հնարավորություն Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններում։ Այս մասին նա լրագրողներին ասել է Անթալիայում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո։
Ռուբիոն հաստատել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին։
«Բայց ուզում եմ անկեղծ լինել. չեմ կարծում, որ մենք մեծ սպասումներ ունենք վաղվա օրվա իրադարձությունների վերաբերյալ։ Անկեղծ ասած, այս պահին կարծում եմ, որ բացարձակապես պարզ է, որ առաջընթացի հասնելու միակ ճանապարհը նախագահ Թրամփի և Պուտինի միջև բանակցություններն են», – ասաց Ռուբիոն։
Պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Պուտինը պատրաստ է երկխոսության Թրամփի հետ։ Ռուբիոն նաև ուղղակիորեն մատնանշեց ռուսական պատվիրակության մակարդակը, որը, նրա խոսքով, չի վկայում առաջընթացի մասին։
«Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ մենք առաջընթաց կգրանցենք, քանի դեռ նախագահ Թրամփը չի նստում բանակցությունների սեղանի շուրջ Պուտինի հետ և հստակ չի ասում, թե ինչ մտադրություններ ունի ապագայի համար», – ասաց պետքարտուղարը։