Մարիամ Քվրիվիշվիլին ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ուղղությունները
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դիդյե Տղեբյուկի հետ։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են համագործակցության առաջնահերթ ոլորտները, այդ թվում՝ ներառական տնտեսական աճը, կանաչ էներգիան, էներգաարդյունավետությունը, թվային փոխակերպումը, տրանսպորտը, լոգիստիկան, ինչպես նաև կայուն զբոսաշրջությունն ու կրթությունը։
«Հատուկ ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակային ծրագրով նախատեսված առաջնահերթություններին։ Մասնավորապես, քննարկումը կենտրոնացած էր կազմակերպության տարբեր գործակալությունների հետ տնտեսական աճի արագացման ուղղությամբ ավելի արդյունավետ հարաբերությունների վրա։ Հատուկ ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի ավելի մեծ ներգրավվածությանը Միջին միջանցքի և, ընդհանուր առմամբ, երկրի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման գործում։ Հանդիպման ժամանակ վրացական կողմը ՄԱԿ-ի մշտական համակարգողին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց երկրում իրականացվող նախագծերի մասին՝ ինչպես առկա ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ նոր հնարավորությունների առումով։ Դրանց թվում շեշտը դրվեց Անակլիայի խորջրյա նավահանգստի, երկաթուղու արդիականացման նախագծի, Արևելք-Արևմուտք մայրուղու և այլնի վրա։
Կողմերը քննարկեցին նաև ՄԱԿ-ի հետ համագործակցությունը կանաչ էներգիայի ոլորտում։ Հատուկ շեշտադրում կատարվեց ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման վրա, այդ թվում՝ կանաչ ջրածնի արտադրության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակիչ մարտկոցային համակարգերի զարգացման վրա։ Շեշտադրվեց կանաչ էներգիայի փոխանցման նախագծի մշակումը, որի միջոցով Հարավային Կովկասի էներգետիկ համակարգը Վրաստանի միջոցով կմիանա Եվրամիությանը, ինչը ռազմավարական նշանակություն ունի նախագծին մասնակցող բոլոր կողմերի համար», – ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։
Նույն հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հետ կապված համագործակցության խորացմանը։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ Գենադի Արվելաձեն և Թամար Իոսելիանին։