Մարիամ Քվրիվիշվիլին մասնակցել է «Անդրատլանտյան էներգետիկ համագործակցության գործընկերության» (P-TEC) թվով յոթերորդ նախարարական համաժողովին
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի և Լեհաստանի էներգետիկայի նախարար Միլոշ Մոտիկայի հրավերով, նոյեմբերի 19-ին մասնակցել է «Անդրատլանտյան էներգետիկ համագործակցության գործընկերության» (P-TEC) թվով յոթերորդ նախարարական համաժողովին։ Միջոցառումը տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Նրանց հաղորդմամբ՝ նախարարական համաժողովի շրջանակում Մարիամ Քվրիվիշվիլին, այլ երկրների կառավարությունների ղեկավարների հետ միասին, ներկա է գտնվել բարձր մակարդակի հանդիպման և ելույթով դիմել մասնակիցներին։
Փոխվարչապետն ուշադրություն է հրավիրել Վրաստանի էներգետիկ առաջնահերթությունների, երկրի էներգետիկ անվտանգության և էներգառեսուրսների դիվերսիֆիկացման ուղղությամբ միջազգային համագործակցության խորացման կարևորության վրա։
«Վրաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում Եվրոպան, Ասիան և Մերձավոր Արևելքը կապող խաչմերուկում, որտեղ հատվում են առևտուրը, էներգետիկան և աշխարհաքաղաքականությունը։ Դարեր շարունակ այս տարածաշրջանը ժողովուրդների միջև կապող կամրջի գործառույթ է իրականացրել, իսկ այսօր դրա ռազմավարական նշանակությունն էլ ավելի է ամրապնդվում՝ էներգետիկ անվտանգության ապահովման, մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման և տարածաշրջանային կապերի ամրապնդման գործընթացում ունեցած աճող դերակատարմամբ»,- նշել է փոխվարչապետը։
Մարիամ Կվրիվիշվիլիի խոսքով՝ Վրաստանը առաջատար դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում՝ որպես հուսալի տարանցիկ միջանցք, որը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները կապում է եվրոպական և միջազգային շուկաների հետ։
«Ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են Հարավկովկասյան գազատարը (SCP) և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) նավթամուղը, հաստատում են Վրաստանի կենսական ներդրումը էներգամատակարարման դիվերսիֆիկացման, կախվածության նվազեցման և Եվրոպայի էներգետիկ դիմակայունության բարձրացման գործում։ Հարավկովկասյան գազատարի միջոցով Վրաստանը նպաստում է ադրբեջանական բնական գազի տեղափոխմանը Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ Հարավային գազային միջանցքի շրջանակում, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա խողովակաշարերի միջոցով Վրաստանը նաև հանդիսանում է Կասպից ծովի հում նավթի առանցքային տարանցիկ երթուղի, որը Կասպյան տարածաշրջանը կապում է միջազգային շուկաների հետ»,- նշել է Մարիամ Քվրիվիշվիլին։