Մամուլի տեղեկությամբ, «Թուրքիշ էարլայնս»-ը պլանավորում է թռիչքների վերսկսում, այդ թվում՝ նաև Վրաստանում
Հունիսից «Թուրքիշ էարլայնս» ավիաընկերությունը պլանավորում է վերսկսել ներքին և միջազգային չվերթները:
Հիմնվելով սեփական աղբյուրի վրա նշվածի մասին տեղեկությունը հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Մամուլի փոխանցմամբ ավիաընկերությունը թռիչքների ժամանակացույցը մշակել է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար:
«Անադոլու»-ն գրում է, որ հունիսին «Թուրքիշ էարլայնս»-ը կվերսկսի ներքին չվերթները և աստիճանաբար կիրականացնի նաև միջազգային թռիչքներ:
Թռիչքների եռամսյա ժամանակացույցի համաձայն թուրքական ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 19 երկրի, այդ թվում՝ Վրաստանի ուղղությամբ:
Երկրների ցուցակում են նաև Կանադան, Ղազախստանը, Աֆղանստանը, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Սինգապուրը, Դանիան, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Բելգիան, Բելառուսը, Իսրայելը, Քուվեյթը և Լիբանանը:
Նախատեսվում է իրականացնել շաբաթական 75 թռիչք: Աստիճանաբար, հուլիսին և օգոստոսին, նախատեսվում է թռիչքների ավելացում:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև մայիսի 28-ը «Թուրքիշ էարլայնս»-ը դադարեցրել է բոլոր ներքին և միջազգային չվերթները: