Մամուկա Խազարաձե. Եթե տոնածառի միջոցառումից չեք հրաժարվում, նշանակում է՝ սադրանք եք կազմակերպում, բնակչությանը կոչ եմ անում հանգիստ լինել, չհետևել սադրանքներին, որոնք կարող են վերածվել քաղաքացիական բախման
Եթե տոնածառի միջոցառմանը «ոչ» չես ասում, նշանակում է՝ նպատակաուղղված սադրանք ես կազմակերպում, ինչի մասին օրեր առաջ ինքդ ես հայտարարել «ՊԱԾ»-ի միջոցով,- այս մասին գրում է սոցցանցում «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Մամուկա Խազարաձեն:
Մամուկա Խազարաձեն բնակչությանը կոչ է անում հանգստություն պահպանել, չհետևել «Իվանիշվիլիի ծրագրած սադրանքին, որը կարող է վերածվել քաղաքացիական բախման, ինչի համար պատասխանատվություն են կրում Իվանիշվիլին և նրա խամաճիկ «կառավարությունը»:
«Այսօր հայտարարված տոնածառի միջոցառումը սադրանքի նշաններ է պարունակում։ Մինչ հարյուր հազարավոր քաղաքացիներ Ռուսթավելիում արդեն 16-րդ օրն է բողոքում են ոչ լեգիտիմ իշխանության կողմից գողացված ընտրությունների դեմ, այսօրվա իրադարձությունը կարող է լարվածության և քաղաքացիական բախումների պատճառ դառնալ։ Այնտեղ, որտեղ մի քանի օր առաջ խաղաղ ցուցարարներին էին խոշտանգում, հալածում, թունավորում գազով, որտեղ ամեն ինչ դեռ տոգորված է գազի հոտով, անբարոյականություն է տոն կազմակերպելը, երբ քաղաքն ունի բազմաթիվ պուրակներ ու հրապարակներ նման միջոցառում կազմակերպելու համար։ Եթե չեք հրաժարվում այս միջոցառումից, նշանակում է, դուք նպատակաուղղված սադրանք եք կազմակերպում, ինչի մասին օրեր առաջ ինքներդ եք հայտարարել ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Բնակչությանը կոչ ենք անում հանգստություն պահպանել, չհետևել Իվանիշվիլիի ծրագրած սադրանքին, որը կարող է վերածվել քաղաքացիական հակամարտության, որի համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են Իվանիշվիլին և նրա խամաճիկ «կառավարությունը»,- գրում է Մամուկա Խազարաձեն։