Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ
Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ արտաքին գործերի նախարարները քննարկել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Մակա Բոճորիշվիլին շնորհավորել է իր հայ գործընկերոջը երկրների միջև պատմական համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Նշվել է նաև, որ համաձայնագիրը զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության հարցեր։