Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Կատարի արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սաադ ալ-Մուրայխիին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Կատարի արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սաադ ալ-Մուրայխիին։
Վրաստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Կատարի միջև երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, միջազգային ձևաչափերում համագործակցությունը և գործընկերության հետագա խորացման հեռանկարները։
«Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական երկխոսության ամրապնդման և բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությանը։ Այս համատեքստում խոսքը վերաբերել է Կատարի Պետության էմիրի՝ Վրաստան այցելելու հնարավորություններին։
Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և մշակույթի ու կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների շուրջ, և հաստատվել է երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը», – նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։