Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունը չի թուլացնի իր արտաքին ազդեցությունը

20:56, 16.11.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է այն կարծիքը, թե նոյեմբերի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունը կնվազեցնի իր միջազգային ազդեցությունը։
Նախագահի խոսքով՝ ընտրությունների արդյունքի պատճառը Կոնգրեսում ընդունված օրինագծերից իր աջակիցների դժգոհությունն է։
«Եթե հետ նայենք անցյալին, չորս կամ հինգ անգամ արդյունքները սրանից շատ ավելի վատն են եղել։ Սա, իհարկե, հաղթանակ չէր, բայց իմ ժողովուրդը դժգոհ էր։ Ես ունեի միլիոնավոր մարդիկ, ովքեր սիրում են Թրամփին, բայց նրանք դժգոհ էին այն օրինագծերից, որոնք ընդունվում էին Կոնգրեսում։ Մենք ստիպված կլինենք նվաճել նրանց սրտերը», – հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նույն ճեպազրույցում լրագրողները նախագահին հարցրել են հանրապետականների պահանջած ազգային ներգաղթային բարեփոխումների և սպասվող զիջումների մասին։ Թրամփը նշել է, որ պատրաստ է քննարկել բարեփոխումը, սակայն այն անպայման պետք է խիստ լինի և բացառի որևէ համաներում։
«Կտեսնենք։ Նկատի ունեմ, որ շատերն են ցանկանում, որ վերանայեմ այս հարցը։ Ես միշտ կքննարկեմ այն, և դա հիանալի կլիներ, բայց կտեսնենք։ Այն պետք է խիստ լինի՝ ոչ մի համաներում և այլն։ Այն անպայման պետք է խիստ լինի», – նշել է նախագահը։
Թրամփն անդրադարձել է նաև ԱՄՆ հարավային սահմանի ուղղությամբ շարժվող միգրանտների քարավանների հարցին և նախազգուշացրել Մեքսիկային, որ եթե նրանք չկանգնեցնեն քարավանները, Վաշինգտոնը Մեքսիկայի նկատմամբ ծանր մաքսատուրքեր կսահմանի։
«Նրանց երկիր չեն թողնի, և Մեքսիկան կկանգնեցնի նրանց։ Ինչպես գիտեք, նրանք ասացին, որ կկանգնեցնեն։ Իսկ եթե չկանգնեցնեն, մենք Մեքսիկայի նկատմամբ ծանր մաքսատուրքեր կսահմանենք», — հայտարարել է Թրամփը։

Նմանատիպ