Միջուկային անվտանգության կարգավորող մարմինների համատեղ հայտարարությունը – Ուկրաինայում այս ձմռանը միջուկային վթարի վտանգը մեծանում է

20:12, 16.11.2026
Ուկրաինայում այս ձմռանը միջուկային վթարի վտանգը մեծանում է։ Այս մասին ասված է 38 երկիր ներկայացնող միջուկային անվտանգության կարգավորող մարմինների համատեղ հայտարարության մեջ։
Նրանք Ռուսաստանին կոչ են անում դադարեցնել հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։
«Մենք համատեղ խորը մտահոգություն ենք հայտնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումների հետևանքով միջուկային անվտանգությանն սպառնացող աճող վտանգների կապակցությամբ», – նշված է հայտարարության մեջ։
Ինչպես գրում է «Ռոյթերսը», կարգավորող մարմինների գլխավոր մտահոգությունը կապված է էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման հետ։ Նրանց գնահատմամբ՝ էլեկտրացանցից էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման դեպքում ուկրաինական ատոմային էլեկտրակայանների համար գնալով ավելի դժվար կլինի պահպանել ռեակտորներում միջուկային վառելիքի սառեցման համար անհրաժեշտ պայմանները և կանխել դրա հալումը։
Կոչի հեղինակը երեք կազմակերպություն է՝ HERCA՝ Ճառագայթային պաշտպանության եվրոպական իրավասու մարմինների ղեկավարների ասոցիացիան, WENRA՝ Արևմտյան Եվրոպայի միջուկային կարգավորողների ասոցիացիան, և NORA՝ Սկանդինավյան երկրների ճառագայթային անվտանգության մարմինների ղեկավարների միավորումը։
Այս կազմակերպություններն ընդհանուր առմամբ ներկայացնում են 38 երկիր, այդ թվում՝ Եվրամիության բոլոր անդամ պետությունները, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան։
«Ռոյթերսի» տվյալներով՝ Ուկրաինայում կա չորս ատոմային էլեկտրակայան, որոնցից ներկայումս աշխատում է երեքը։ Դրանք ձմռան ընթացքում արտադրում են երկրում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 80%-ը։ Չորրորդը՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը, որն ամենամեծն է Եվրոպայում, գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո և տեղակայված է ռազմաճակատի գծին մոտ։ Ներկայումս կայանը էլեկտրաէներգիա չի արտադրում, սակայն միջուկային նյութը սառեցնելու և դրա հալումը կանխելու համար կախված է արտաքին էներգամատակարարումից։

Նմանատիպ