Մակա Բոճորիշվիլի. Վրաստանը կմասնակցի բոլոր միջոցառումներին, երկխոսություններին և ձևաչափերին, եթե մենք արժանապատվորեն հրավիրված լինենք
Վրաստանի դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք եվրաինտեգրմանը չենք նայում որպես տարբեր քաղաքական շահարկումների գործիքի։ Մեզ համար Եվրամիության հետ հարաբերությունները կարևոր են։ Հետևաբար, ոչ ոքի հնարավորություն չենք տա օգտագործել այս հանդիպումները կամ տարբեր ձևաչափերը, որպեսզի դրանք դառնան շահարկումների գործիք, – այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Մակա Բոճորիշվիլին նաև մեկնաբանել է նոյեմբերի 16-ին Բրյուսելում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ փոխկապակցվածության նախարարական հանդիպմանը Վրաստանի մասնակցության հարցը։ Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է Եվրամիության հետ երկխոսությանը և տարբեր ձևաչափերում մասնակցությանը, սակայն կարևոր է, որ երկիրը հրավիրվի պատշաճ մակարդակով։
«Հենց սրա պատասխանն է այն, որ Վրաստանը կմասնակցի բոլոր միջոցառումներին, երկխոսություններին և ձևաչափերին, եթե մենք արժանապատվորեն հրավիրված լինենք այն համապատասխան մակարդակով, որ մակարդակով անցկացվում է հանդիպումը։ Հետևաբար, եթե անցկացվում է նախարարական հանդիպում, պետք է հրավիրված լինի նախարարը, հենց այդ պատճառով մեր կողմից չի դիտարկվում հանդիպումներին որևէ այլ մակարդակով մասնակցությունը։ Ելնելով դրանից՝ այս դիրքորոշումը պարզ է։ Մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք և երբեք չենք դադարեցրել այն Եվրամիության հետ, և երբ եվրոպական կողմը պատրաստ լինի, որ վրացական կողմը հանդիպումներին մասնակցի համապատասխան մակարդակով, մենք կմասնակցենք», – նշել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։