Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս «Մուսուլման եղբայրների» դեմ Եգիպտոսի գործողություններին և չի բացառում Փարիզում գործող ցանցերի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս «Մուսուլման եղբայրների» դեմ Եգիպտոսի գործողություններին և չի բացառում Փարիզում գործող ցանցերի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանությունները, իր իսկ խնդրանքով, խիստ միջոցներ են ձեռնարկել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը նախագահին հիշեցրել է, որ ահաբեկչական խմբավորումներ են ճանաչվել կազմակերպության միայն մի քանի մասնաճյուղեր, և հետաքրքրվել է՝ արդյոք վարչակազմը նախատեսում է սահմանել ընդհանուր, համապարփակ արգելք, և արդյոք դա կվերաբերի նաև Փարիզում գործող ցանցերին։
«Եգիպտոսը շատ լավ է աշխատել, նրանք խիստ միջոցներ են ձեռնարկել։ Հնարավոր է՝ ես նույնպես համապատասխան քայլեր ձեռնարկեմ։ Եգիպտոսը «Մուսուլման եղբայրների» դեմ շատ կոշտ միջոցներ է կիրառել հենց իմ խնդրանքով։ Ինչ վերաբերում է Փարիզին, ապա Փարիզը ևս մեկ վայր է, որին մենք շատ ուշադիր հետևում ենք։ Առայժմ չեմ ասի՝ արդյոք այն կհայտնվի այդ ցուցակում, սակայն դա միանգամայն հնարավոր է», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։
1928 թվականին Եգիպտոսում հիմնադրված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը Կահիրեն 2013 թվականից (նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո) համարում է ահաբեկչական կազմակերպություն, սակայն Թրամփի վարչակազմի պահանջով Եգիպտոսը վերջին շրջանում էլ ավելի է խստացրել ստուգայցերն ու ֆինանսական ցանցերի արգելափակումը։ Ինքը՝ Վաշինգտոնը, Թրամփի նախագահական հրամանագրի հիման վրա, «Համասին» և «Հեզբոլլահին» աջակցելու պատճառով ահաբեկչական ցուցակում արդեն ներառել է շարժման եգիպտական, լիբանանյան և հորդանանյան մասնաճյուղերը։ Քանի որ Մերձավոր Արևելքում հետապնդումների պատճառով շարժման առաջնորդների և ֆինանսական հոսքերի մի մասը տեղափոխվել է Եվրոպա, մասնավորապես՝ Ֆրանսիա, Բելգիա և Մեծ Բրիտանիա, օրակարգում է հայտնվել համընդհանուր արգելքի հարցը, ինչը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի նաև եվրոպական ցանցերին։