Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների միջև հեռախոսազրույցը դժվար էր, սակայն արդյունք ունենք

23:04, 16.11.2026
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով՝ այսօր կողմերի միջև հերթական հեռախոսազրույցն է կայացել, որին մասնակցել են երեք կողմերի բանակցային խմբերը։
«Դիվանագիտական գործընթացներն ակտիվորեն շարունակվում են, և հույս ունենք, որ այս ամենն ապարդյուն չի լինի։ Մեր թիմն աշխատում է առավելագույնս կառուցողական։ Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության ամուր երաշխիքներ», – հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի տեղեկատվությամբ՝ բանակցություններին ակտիվորեն մասնակցում է նաև ամերիկյան կողմը։ Զրույցին առցանց ձևաչափով միացել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
«Եվրոպան այս զրույցում առաջին անգամ ներկայացված էր ամբողջական կազմով՝ այն ներկայացուցիչների տեսքով, ովքեր մասնակցելու են Ռուսաստանի հետ բանակցություններին։ Դրանք են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը», – գրում է Զելենսկին։
Զելենսկիի խոսքով՝ զրույցը դժվար է եղել, սակայն կողմերը հասել են որոշակի արդյունքի։
«Զրույցը հեշտ չէր, սակայն արդյունք ունենք. Բեռլինում՝ «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում, կհանդիպենք միմյանց և բանակցային գործընթացում կմշակենք կոնկրետ համատեղ քայլեր», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ