Մակա Բոչորիշվիլի. Ուզբեկստանի և Վրաստանի միջև հարաբերությունները զարգանում են լավ դինամիկայով, մենք ունենք լուրջ ծրագրեր, որոնք կխորացնեն տնտեսական համագործակցությունը
Ուզբեկստանի և Վրաստանի միջև հարաբերությունները զարգանում են լավ դինամիկայով, ունենք լուրջ ծրագրեր, որոնք էլ ավելի կխորացնեն և կհամալրեն երկու երկրների տնտեսական համագործակցությունը, – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նրա խոսքով, մոտ ապագայում նախատեսվում է Ուզբեկստանի դեսպանատան բացումը Վրաստանում, ինչը ևս կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
«Կոնֆերանսի շրջանակում հանդիպումներ կունենամ իմ գործընկերների հետ։ Արդեն հանդիպել եմ հյուրընկալող ուզբեկ գործընկերոջս։ Վերջին շրջանում Ուզբեկստանի և Վրաստանի միջև հարաբերությունները հատկապես լավ դինամիկայով են զարգանում։ Սա շատ կարևոր է նաև Միջին միջանցքի զարգացման համատեքստում։ Մենք կարևոր քննարկումներ ունեցանք տարբեր թեմաների շուրջ՝ տնտեսական համագործակցության, փոխկապակցվածության ուղղությամբ, թե որ ուղղությամբ կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը։ Մոտ ապագայում Ուզբեկստանի դեսպանատունը կբացվի Վրաստանում, ինչը նույնպես կլինի կարևոր քայլ մեր երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Մենք ունենք լուրջ ծրագրեր, որոնք էլ ավելի կհարստացնեն և կխորացնեն տնտեսական համագործակցությունը մեր երկրների միջև։ Կարևոր է Ուզբեկստանի դերը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Ուզբեկստանի համար կարևոր է Վրաստանի դերը Հարավային Կովկասում, և երկու երկրներն ունեն մեծ ներուժ Միջին միջանցքի զարգացման գործում, ինչը կարևոր հարց է, որի շուրջ պետք է շարունակենք համագործակցությունը ապագայում», – ասել է Մակա Բոչորիշվիլին։
Սամարղանդում անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը, որին մասնակցում են կազմակերպության 194 անդամ և 12 ասոցիացված երկրի ավելի քան 3000 պատվիրակ, այդ թվում՝ վրացական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի ղեկավարությամբ։