Լրատվամիջոցների հաղորդմամբ, Գերմանիան հետաքննում է պետական դավաճանության գործը՝ կապված Բուչայի ողբերգության մասին տեղեկատվության արտահոսքի հետ
Գերմանիան հետաքննում է պետական դավաճանության գործը՝ կապված Բուչայի ողբերգության մասին տեղեկատվության արտահոսքի հետ։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ ուկրաինական Բուչա քաղաքում ռուսական բանակի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին տեղեկատվությունը, որը տիրապետում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական գործակալությանը (BND), գաղտնի էր և ենթակա չէր բացահայտման։ Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հետախուզության ներկայացուցիչները ներկայացրել են Բունդեսթագի պատգամավորներին պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, որին մասնակցել են ավելի քան 60 քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։
Բուչայի ողբերգության մասին տեղեկություն տարածվեց մի քանի լրատվամիջոցներով ապրիլի սկզբին, մասնավորապես, հրապարակվեցին ռուս զինվորների ռադիոձայնագրությունները, որոնք հաստատում էին նրանց ռազմական հանցագործությունները։ Այս խոսակցությունները ձայնագրել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը։
Ըստ լրատվամիջոցների՝ Գերմանիայի հետախուզական ծառայությունը և դաշնային կառավարությունը չեն ցանկացել, որ հանրությունը իմանար այս ջարդի մանրամասները, իսկ Բունդեսթագի քաղաքական գործիչները նշում են, որ այն տարածել են լրատվամիջոցներով, ինչի պատճառով էլ այժմ նրանց գործը հետաքննվում է դատախազության կողմից հնարավոր պետական դավաճանության մեղադրանքով։