Լրատվամիջոցներ. Եվրամիությունը քննարկում է որոշումներ կայացնելիս առանձին երկրների վետոն շրջանցելու հնարավորությունը
Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է Եվրամիությունում որոշումների կայացման մեխանիզմի բարեփոխում, որի նպատակն անդամ երկրների կողմից վետոյի կիրառումից խուսափելն է, – այս մասին լրատվամիջոցները գրում են՝ հղում անելով Եվրամիության ներքին փաստաթղթերի նախագծերին։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջիկա օրերին կներկայացնի ծրագիր, որը նախատեսում է նախապատրաստում Եվրամիության՝ ավելի քան 30 անդամի ընդլայնմանը։ Ընդ որում, Եվրամիության Լիսաբոնի պայմանագրում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի լինի։
Լրատվամիջոցները գրում են, որ հաստատման դեպքում սա կլինի Եվրամիության ներքին գործունեության ամենանշանակալի փոփոխությունը վերջին տասնամյակի ընթացքում։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Եվրոպական հանձնաժողովի նախագիծը նախատեսում է անցումային իրավական դրույթների կիրառում։ Դրանց նպատակը Եվրամիությանն անդամակցության գործընթացի բազմաթիվ միջանկյալ փուլերում 27 անդամ երկրների միաձայն համաձայնության պահանջի չեղարկումն է։
Եվրոպական հանձնաժողովը հանդես է գալիս նաև նախաձեռնությամբ, որպեսզի Եվրամիության քաղաքականության հետ կապված ավելի շատ հարցերում ներդրվի որոշումների կայացումը որակյալ մեծամասնությամբ, ինչը ենթադրում է Եվրամիության 15 երկրի համաձայնությունը։
Նախագծի համաձայն՝ որակյալ մեծամասնությամբ որոշման կայացման կանոնը պետք է վերաբերի այդ թվում պատժամիջոցներին, մարդու իրավունքներին, պաշտպանությանը և անվտանգությանը, ինչպես նաև հարկերից խուսափելուն։
Ի գիտություն, որոշումների կայացման նոր մեխանիզմի ներդրման համար կպահանջվի Եվրամիության բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Այնուամենայնիվ, ինչպես ենթադրում է պարբերականը, ծրագրին հնարավոր է չհամաձայնեն Եվրամիության անդամ մի շարք երկրներ։