Լևան Դավիթաշվիլին ներկայացրել է «Վրաստանի երկաթուղիներ»-ի նոր գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեին
Լաշա Աբաշիձեն կգլխավորի «Վրաստանի երկաթուղիներ»-ը: Ընկերության գլխավոր տնօրենին այսօր ներկայացրին Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլին։
Ինչպես նշել է Լևան Դավիթաշվիլին, Լաշա Աբաշիձեն ունի երկաթուղային ոլորտում և պետական ծառայությունում ղեկավար պաշտոններում աշխատելու փորձ, ինչը նշանակում է, որ ադապտացման փուլը կլինի կարճ և արդյունավետ։ Լևան Դավիթաշվիլին Լաշա Աբաշիձեին մաղթեց հաջողություններ «Վրաստանի երկաթուղիներ»-ի ղեկավարի պաշտոնում և շնորհակալություն հայտնեց ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեին կատարած աշխատանքի համար։
«Երկաթուղու անխափան գործունեությունը չափազանց կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության համար։ Հատկապես Միջին միջանցքի զարգացման համատեքստում։ Մեր հետաքրքրությունն է ավելացնել ինչպես փոխադրումների ծավալը, այնպես էլ եկամուտները», – նշեց առաջին փոխվարչապետը։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, Լաշա Աբաշիձեն աշխատանքային փորձ ունի «Վրացական երկաթուղիներ»-ում։ Նա 2006-ից 2009 թվականներին ընկերությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ գնումների գործակալության պետ, բեռնափոխադրումների փոխտնօրեն և գործառնությունների կառավարման ղեկավար։ Լաշա Աբաշիձեն մասնագիտությամբ իրավաբան է և ունի պետական կառավարման մագիստրոսի աստիճան։ 2015-2017 թվականներին նա եղել է Թբիլիսիի փոխքաղաքապետ, 2014-2015 թվականներին՝ Վակեի թաղապետ, իսկ 2013-2014 թվականներին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար։
Լաշա Աբաշիձեն «Վրացական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է Դավիթ Փերաձեին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։