Լեհաստանում վերջին երկու օրվա ընթացքում դպրոցներում երկրորդ հարձակումն է տեղի ունեցել․ Լեշչիդուլ-Նովինիում 15-ամյա դեռահասը սպանել է կնոջ
Լեհաստանի Մազովեցյան վոյեվոդության Լեշչիդուլ-Նովինի գյուղի տարրական դպրոցում 15-ամյա դեռահասը դանակով հարձակվել է մի քանի մարդու վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 37-ամյա մաքրուհին, ևս երկու մարդ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան Հովհաննես Պողոս Երկրորդի անվան տարրական դպրոցում։ Ոստիկանության տեղեկություններով՝ հարձակվողը նույն դպրոցի նախկին աշակերտ է եղել։ Նա մտել է դպրոց և դանակով հարձակվել մի քանի մարդու վրա։ Վիրավորների թվում է եղել նաև դպրոցի տնօրենը, ով, տարածված տեղեկությունների համաձայն, կարողացել է վնասազերծել հարձակվողին։ 15-ամյա դեռահասին ոստիկանությունը ձերբակալել է։
Ի գիտություն՝ հոկտեմբերի 7-ին Լեհաստանի Օստրոլենկա քաղաքի դպրոցում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել էր իննը մարդ։ Լեհաստանի դատախազությունում հայտարարել են, որ երիտասարդը, ով հնարավոր է մասնակցություն է ունեցել Օստրոլենկայի դպրոցում մարդկանց վիրավորելու գործում, պայուսակում ունեցել է ինքնաշեն պայթուցիկ սարք։
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հայտարարել է, որ Օստրոլենկայի դպրոցում հարձակմանը զուգահեռ, Սերպց քաղաքում ոստիկանությունը գործողություն է իրականացրել, որի արդյունքում կանխվել է ևս մեկ հնարավոր հարձակում։
Լեհաստանի դպրոցներում վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերի պատճառով վարչապետ Դոնալդ Տուսկը արտակարգ նիստ է հրավիրել։ Նիստին կմասնակցեն ներքին գործերի, կրթության և առողջապահության նախարարները, ինչպես նաև հատուկ ծառայությունների համակարգողն ու ոստիկանության գլխավոր պարետը։