Լեհաստանը ծրագրում է տարեկան 15 000 դոլար վճարել ԱՄՆ յուրաքանչյուր զինվորականի համար, ով կգտնվի երկրի տարածքում
Լեհաստանը ծրագրում է տարեկան 15 000 դոլար վճարել ԱՄՆ յուրաքանչյուր զինվորականի համար, ով կգտնվի երկրի տարածքում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պավել Զալևսկին։
Զալևսկու խոսքով՝ Պենտագոնի հետ բանակցությունները ներկայումս կենտրոնացած են հենց ծրագրի իրականացման մանրամասների վրա․ այդ թվում՝ որ ստորաբաժանումները ներգրավված կլինեն, ինչ հնարավորություններ կունենան և որտեղ կտեղակայվեն։
Զալևսկին չի նշել ամերիկյան կոնկրետ ստորաբաժանումներ կամ հնարավոր տեղակայման վայրեր, սակայն բացահայտել է Վարշավայի առաջարկի նոր մանրամասները։
«Մենք ամերիկյան զորքերին առաջարկում ենք շատ հատուկ պայմաններ։ Մենք կհոգանք ենթակառուցվածքների ծախսերը։ Ինչպես նաև կհոգանք Լեհաստանում տեղակայված յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի պահման ծախսերը՝ տարեկան 15 000 դոլարի չափով»,- հայտարարել է Զալևսկին և նշել, որ այդ գումարը կհոգան լեհ հարկատուները։