Լեհաստանը որոշել է չհրավիրել Հունգարիայի դեսպանին ԵՄ-ում երկրի նախագահության մեկնարկին նվիրված միջոցառմանը
Լեհաստանը որոշել է չհրավիրել Հունգարիայի դեսպանին ԵՄ-ում երկրի նախագահության մեկնարկին նվիրված միջոցառմանը։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի պետքարտուղարի տեղակալ Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկան։
Նրա խոսքով՝ որոշման պատճառն այն է եղել, որ Հունգարիան ապաստան է տվել Լեհաստանի նախկին իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության պատգամավոր Մարչին Ռոմանովսկուն։
Ըստ Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկայի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ևս չի հրավիրվել Վարշավայում նախատեսված միջոցառմանը։
«Երբ մենք հյուրեր էինք հրավիրում մեր միջոցառմանը մոտ մեկ ամիս առաջ, մենք հրավիրեցինք ողջ դիվանագիտական կորպուսը, սակայն Ռոմանովսկու գործից հետո ԱԳ նախարար Սիկորսկին որոշեց, որ Հունգարիայի դեսպանն այսօր ցանկալի հյուր չէ», – ասաց Լեհաստանի պետքարտուղարի տեղակալը։
Մարչին Ռոմանովսկին, ով Լեհաստանի արդարադատության փոխնախարարն էր, ձերբակալվել էր 2024 թվականի հուլիսին՝ Արդարադատության հիմնադրամի միջոցների ենթադրյալ յուրացման հետաքննության շրջանակներում։ Ռոմանովսկին անհետացել էր դեկտեմբերի սկզբին՝ իբր բուժում անցնելուց հետո։ Այն օրը, երբ Վարշավայի շրջանային դատարանը Ռոմանովսկուն ձերբակալելու եվրոպական օրդեր է տվել, հայտնի է դարձել, որ Հունգարիայի իշխանությունները նրան քաղաքական ապաստան են տվել։