Կրթության նախարարը ամփոփել է 2020 թվականի ընթացքում իրականացրած գործունեության արդյունքները
Կրթության նախարարը ամփոփել է 2020 թվականի ընթացքում իրականացրած գործունեության արդյունքները

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին, «կառավարության հաշվետվությունը քաղաքացիներին» ծրագրի շրջանակներում, ամփոփել է նախարարության կողմից կրթության ոլորտում 2020 թվականին իրականացված գործունեության արդյունքները:

Կրթության նախարարը խոսել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող այն ծրագրերի մասին, որոնք, չնայած համավարակին, արդյունավետորեն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում:

«Այն ուսումնարաններին, որոնք «կովիդ 19»-ի պատճառով անցել են ուսուցման հեռավար ռեժիմի, նախարարությունը տրամադրել է հեռավար ուսուցման աջակցության առցանց հարթակները: Ըստ այդմ, ուսումնական ծրագրերը և գնահատման համակարգը անցել են էլեկտրոնային ուսուցման ձևաչափի: Նախարարության առաջարկով սահմանվել է ուսանողների ուսման վարձի վճարման արտոնյալ քաղաքականություն. Ուսանողների ուսման վարձը հետաձգվել է կամ առաջարկվել է անհատական ​​վճարման ժամանակացույց: Վարչապետի նախաձեռնությամբ, 150 000 և պակաս միավոր ունեցող սոցիալապես անապահով մոտ 15 հազար ուսանողի համար ֆինանսավորվել է ուսման վարձը: Չնայած համավարակին, ավելի քան 130 կրթաթոշակ է տրվել արտասահմանում կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին: 2020 թվականը հատկապես կարևոր էր Վրաստանի բարձրագույն կրթության համար: Բացվեց երկրի կրթական համակարգի հիմնական մեգանախագիծը`Քութաիսիի միջազգային համալսարանը, որի գաղափարի  հեղինակը պարոն Բիձինա Իվանիշվիլին է: Այս նախագծում իր և իր ընտանիքի ներդրումը կազմել է մեկ միլիարդ եվրո: Սա արևմտյան չափանիշներով զարգացող նոր պետական ​​համալսարան է: Այն տարածաշրջանում առաջին համալսարանական կամպուսի տիպի բարձրագույն ուսումնական հաստատությունն է»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին, զեկույցը ներկայացնելիս:

Նախարարը խոսել է նաև վրաց-ֆրանսիական համալսարանի մասին, որի շրջանակներում վեց ֆրանսիական բարձրագույն ուսումնական հաստատություններ, Թբիլիսիի պետական ​​համալսարանի և Վրաստանի տեխնիկական համալսարանի հետ համատեղ, կիրականացնեն բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրեր:

«Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղությամբ, մասնավորապես, տարածաշրջանում առաջին անգամ, ԹՊՀ-ի կրթական ծրագրերը հավատարմագրվել են Ամերիկյան ճարտարագիտության և տեխնոլոգիաների խորհրդի կողմից, ընդլայնվել են ակադեմիական շարժունակության աջակցության ծրագրերը և արդարադատության նախարարության աջակցությամբ, ԹՊՀ-ում հիմնադրվեց «Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության» Հարավային Կովկասի մասնաճյուղը, որն աջակցելու է կրթական և հետազոտական նախագծերի իրականացմանը: Մշակվել է թրենինգ կուրս, որտեղ «կովիդ 19»-ի դեմ պայքարում վերապատրաստվել են բժշկական կրթական ծրագրերի ավագ կուրսեցիները, որոնք կովիդի բուժման գործին կներգրավվեն որպես կամավորներ», – հայտարարել է նախարարը:

Միխեիլ Չխենկելին ընդգծել է նաև 2020 թվականի քննությունների անվտանգ անցկացման կարևորությունը. Անվտանգ միջավայրում քննությանը մասնակցելու հնարավորություն տրվեց մոտ 70 000 դիմորդի:

Խոսելով գիտության մասին, նախարարը նշել է, որ գիտությանը ու տեխնոլոգիաների կենսական նշանակությունը առավել ակնհայտ կդառնա այս տարի: