Կորոնավիրուսի հաստատման պատճառով սահմաններին խստացվել է վերահսկողությունը

Կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից ելնելով Վրաստանի պետական սահմանի անցակետերում ձեռնարկվել են լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ: Բարձր ռիսկային երկրների՝ Չինաստանի, Հարավային Կորեայի, Իտալիայի և Իրանի քաղաքացիները կասկածելի ախտանիշների դեպքում կենթարկվեն կարանտինի կանոններին: Իրանի պարագայում վերհահսկումը ավելի խիստ է: Այսինքն՝ վերջին երկու շաբաթ ժամանակահատվածում Իրանի տարածքում եղած  օտարերկրյա քաղաքացին չնայած առողջական ախտանիշներ չունենալուն, այնուամենայնիվ չի կարողանա մուտք գործել Վրաստանի տարածք: Չնայած նրան, որ ըստ հիվանդությունների վերահսկման կենտրոնի այս փուլում համաճարակի սպառնալիք չկա, այնուամենայնիվ երկիրը պատրաստակամ ռեժիմում է: Ստեղծվել է Արտակարգ իրավիճակների համակարգման խորհուրդ: Նշենք, որ Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվում, սակայն կրճատվում է չվերթների թիվը: