Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Վրաստանի գլխավոր դատախազության հետ համատեղ, իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կաշառք ստանալու փաստով ձերբակալել են Ազգային անտառային գործակալության Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանի Փասանաուրիի տեղամասի անտառապահ Շ.Գ.-ին։ Այս մասին հաղորդում է Քննչական ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ քննչական գործողություններով պարզվել է, որ մեղադրյալը, ում ծառայողական պարտականությունների շրջանակում հանձնարարված էր անտառային տարածքի պաշտպանությունը, անձնական նյութական շահ ստանալու նպատակով իր վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ անտառում ճամբար կազմակերպելու թույլտվության դիմաց քաղաքացուց որպես կաշառք պահանջել և ստացել է 900 ԱՄՆ դոլար, այդ պահին էլ ձերբակալվել է։
«Քրեական գործ է հարուցված Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարվա ժամկետով։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նաև հետագայում կշարունակի խիստ քրեական քաղաքականություն իրականացնել ֆինանսա-տնտեսական ոլորտում կատարված հանցագործությունների և կոռուպցիայի դեմ», – նշված է Քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։