Քննչական ծառայությունը բացահայտել է հոգեմետ դեղերի ապօրինի վաճառքի 4 փաստ
Քննչական ծառայությունը բացահայտել է հոգեմետ դեղերի ապօրինի վաճառքի 4 փաստ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության չորս փաստ, ինչի համար քրեական պատասխանատվության է ենթարկվել հինգ անձ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Թբիլիսիի և Ռուսթավիի տարբեր թաղամասերում իրենց պատկանող դեղատներում լիցենզիայի պայմանների խախտմամբ առանց դեղատոմսի հոգեմետ դեղեր են վաճառել ֆիզիկական անձանց՝ դրանով իսկ նպաստել են Դեղատնային թմրամոլությանը:

Դրանով մեղադրյալները մեծ եկամուտ են ստացել, և առանց որևէ կարգավորման ու թույլտվության քաղաքացիական շրջանառության մեջ են թողել ընդհանուր առմամբ մոտ 850 հազար լարիի հոգեմետ և հատուկ հսկողության դեղեր», – նշում են գերատեսչությունում:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով։