Կայա Կալաս – Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել, նրանք հետաքրքրված չեն խաղաղությամբ
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը իրականում հետաքրքրված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելով։ Կայա Կալասն այս հայտարարությունն արել է Կոպենհագենում կայացած ժողովրդավարության գագաթնաժողովի ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը խաղեր է խաղում և փորձում է ժամանակ շահել։
«Ես չեմ կարծում, որ նրանք հետաքրքրված են խաղաղությամբ։ Նրանք դեռ ռմբակոծում են Ուկրաինան։ Եթե նրանք հետաքրքրված լինեին խաղաղությամբ, կարող էին հենց հիմա կանգնեցնել այն։ Ռուսաստանը ակնհայտորեն խաղ է խաղում և փորձում է ժամանակ շահել», – նշել է Կայա Կալասը։
Անցյալ շաբաթվա վերջին Վլադիմիր Պուտինը առաջարկեց մայիսի 15-ին Թուրքիայում անցկացնել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։ Այս կապակցությամբ Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինին Ստամբուլում։