Կախա Կալաձե․ բոլորը պետք է բարի լինեն և արտահայտեն իրենց տարբերվող կարծիքը՝ առանց վիրավորանքների
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարության համաձայն՝ բոլորը պետք է սովորեն արտահայտել տարբերվող կարծիքն ընդունելի ձևով՝ առանց վիրավորանքների։
Այս մասին Կալաձեն հայտնել է լրագրողներին՝ պատասխանելով ատելության խոսքի դեմ պայքարի վարչության աշխատանքի վերաբերյալ հարցին։
«Ընդհանուր առմամբ, ես դեմ եմ ցանկացած տեսակի վիրավորանքին, լինի դա բանավոր, թե ֆիզիկական վիրավորանք, դա կատեգորիկ անընդունելի է։ Մենք պետք է կարողանանք սովորել լսել տարբերվող կարծիքը, ինչպես նաև քննադատությունը։ Շատերը կարծում են, որ բանավոր վիրավորանքը քննադատություն է։ Դա, իհարկե, այդպես չէ։ Բոլորը պետք է բարի կամք դրսևորեն և, երբ ունեն տարբերվող տեսակետ, այն արտահայտեն նորմալ ձևով, առանց որևէ վիրավորանքի»,- հայտարարել է Կախա Կալաձեն։
Տեղեկության համար նշենք, որ Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ատելության խոսքի դեմ պայքարի նորաստեղծ վարչությունն իր աշխատանքն է սկսել հունիսի 1-ին։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ վարչության հիմնական գործառույթներն ու պարտականություններն են լինելու մարդու արժանապատվությունը նվաստացնող/վիրավորող և ատելության խոսք պարունակող հրապարակայնորեն տարածված այնպիսի հայտարարությունների մոնիտորինգն ու պրոակտիվ բացահայտումը, որոնք պարունակում են Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված իրավախախտման հատկանիշներ։