Կախա Կալաձե. Հոկտեմբերի 1-ը Վրաստանի ժամանակակից պատմության մեջ հատուկ հետք է թողել. 14 տարվա ընթացքում շատ բանով ենք անցել, բայց մի բան երբեք չի փոխվել՝ Վրաստանի շահերի պաշտպանությունը

13:35, 01.10.2026

Հոկտեմբերի 1-ը օր է, որը հատուկ հետք է թողել Վրաստանի ժամանակակից պատմության մեջ։ 14 տարի առաջ վրաց ժողովուրդը պատմական ընտրություն կատարեց և «Վրացական երազանքին» վստահեց երկրի կառավարումը։ Այս օրվա մասին խոսելն անհնար է առանց Բիձինա Իվանիշվիլիի բացառիկ դերի ընդգծման,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես նշում է Կալաձեն, հենց Բիձինա Իվանիշվիլիի անվան, նրա որոշման և նրա շուրջ միավորված մարդկանց հետ է կապված 2012 թվականի հոկտեմբերի 1-ի քաղաքական իրադարձությունը, որի հետևում կանգնած էր մեծագույն պատասխանատվություն և ջանք։

«Այս 14 տարիների ընթացքում մենք շատ բանով ենք անցել. եղել են դժվարություններ, մարտահրավերներ, հաղթանակներ և հաջողություններ, իհարկե, նաև սխալներ։ Բայց մի բան երբեք չի փոխվել՝ Վրաստանի շահերի պաշտպանությունն ու պատասխանատվությունը մեր բնակչության առջև։

Ինձ համար այս տարիները միայն քաղաքականության և իշխանության մեջ գտնվելու տարիներ չեն։ Սա ամենօրյա աշխատանք է, բազմաթիվ մարդկանց վստահության մասին հոգ տանելն ու նրանց առջև ունեցած մեծագույն պատասխանատվությունը։

Մեր գլխավոր ուժը միշտ եղել է և կլինի վրաց ժողովուրդը։

Շնորհակալություն յուրաքանչյուր մարդու վստահության, աջակցության և նույնիսկ առողջ քննադատության համար։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում կանգնած են եղել մեր կողքին և այսօր էլ պայքարում են Վրաստանի ավելի լավ ապագայի համար։

Հոկտեմբերի 1-ի առթիվ շնորհավորում եմ «Վրացական երազանքի» մեծ ընտանիքին։ Շնորհակալություն ձեզանից յուրաքանչյուրին հավատարմության, նվիրվածության և այն գործի համար, որին պատասխանատվությամբ ծառայում եք։

Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն, հաջողություն և էլ ավելի մեծ ջանքեր՝ ի նպաստ մեր երկրի և հասարակության բարօրության»,- գրում է Կախա Կալաձեն։

Նմանատիպ