Կախա Կալաձե. Չինաստանում մետրոյի 111 նոր վագոնների արտադրությունը սկսված է, հնարավորություն կունենանք զննելու պատրաստված վագոնները, որոնք շուտով կուղարկվեն Թբիլիսի և կսպասարկեն բնակչությանը
Չինաստանում սկսվել է Թբիլիսիի համար մետրոյի 111 նոր վագոնների արտադրությունը, – այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
Ինչպես նշել է քաղաքապետը, այցի շրջանակներում նա անձամբ կծանոթանա մայրաքաղաքի համար մետրոյի նոր վագոնների պատրաստման գործընթացին և հանդիպում կունենա Նանկին քաղաքի քաղաքապետի հետ։
«Մենք հնարավորություն կունենանք այցելելու աշխարհում լավագույն ընկերություններից մեկը, որտեղ մեր մայրաքաղաքի համար պատրաստվում են մետրոյի վագոններ։ Սա ինձ համար շատ ուրախալի և կարևոր է, քանի որ վերջին տարիների ընթացքում վագոնների թարմացում, նոր վագոնների ձեռքբերում չի իրականացվել։ Առաջինը, ով կարողացավ դա անել, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստանն» է։ Շատ ուրախ եմ, 111 վագոնների արտադրությունը սկսված է։ Վաղը հնարավորություն կունենանք զննելու այն պատրաստված վագոնները, որոնք շատ շուտով կուղարկվեն մայրաքաղաք և կսպասարկեն Թբիլիսիի բնակչությանը»,- նշել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետը խոսել է նաև երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության և տնտեսական համագործակցության խորացման կարևորության մասին։
«Չինաստանի հետ մեզ կապում է ռազմավարական գործընկերություն։ Վերջին տարիներին այս հարաբերությունները խորանում են, և, անշուշտ, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ավելի մոտենանք և էլ ավելի հետաքրքիր դարձնենք նշված հարաբերությունները»,- նշել է Կախա Կալաձեն։