Կանադան և Չինաստանը համաձայնության են եկել մաքսատուրքերի նվազեցման հարցում
Կանադան և Չինաստանը համաձայնության են եկել մաքսատուրքերի նվազեցման հարցում

Կանադայի վարչապետ Մարկ Կարնին Պեկինում այցից հետո հայտարարել է երկու երկրների միջև նոր առևտրային համաձայնագրերի և գործընկերության խորացման մասին։

«Սա պատմական և արդյունավետ երկու օր էր», – նշել է Կարնին։

Նրա խոսքով՝ Կանադան և Չինաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ չինական էլեկտրամեքենաների վրա կիրառվող 100% մաքսատուրքը կկրճատվի՝ ի փոխանակություն կանադական գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի նվազեցման։

Ինչպես ասել է Կանադայի վարչապետը, Չինական էլեկտրամեքենաների ներմուծումը Կանադա սկզբնական շրջանում կսահմանափակվի 49,000 միավորով, իսկ հինգ տարվա ընթացքում այդ թիվը կաճի մինչև 70,000։

Կարնին նաև հայտնել է, որ Չինաստանը մարտի 1-ից մինչև 15% կնվազեցնի մաքսային տուրքը ռապսի վրա։ Բացի այդ, կանադական ոլոռը, լոբստերը և խեցգետինը մարտի 1-ից առնվազն մինչև տարեվերջ չեն ենթարկվի մաքսատուրքերի։ Նրա գնահատմամբ՝ այս քայլերը կանադացի գյուղատնտեսներին կարող են բերել մինչև երեք միլիարդ դոլարի եկամուտ։

Լրագրողի այն հարցին՝ արդյոք Չինաստանը ավելի հուսալի գործընկեր է, քան Միացյալ Նահանգները, Կարնին պատասխանել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները «ավելի կանխատեսելի են»՝ շնորհիվ բաց և ուղիղ երկխոսության։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն «ավելի բազմակողմանի են»։