Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ազգային գվարդիայի ներկայացուցիչներին կբաժանվի զենք. «Նյու Յորք Թայմս»
Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ազգային գվարդիայի ներկայացուցիչներին կբաժանվի զենք,- այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»
Հրապարակման համաձայն, համապատասխան որոշումը կայացրել է ԱՄՆ-ի ցամաքային ինված ուժերի քարտուղար, Ռայան Մաքարթին, հունվարի 6-ին Կապիտոլիումի մերձակայքում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Մաքարթիի հրամանով զինված պահակները երդմնակալության օրը կապահովեն Կոնգրեսի շենքի անվտանգությունը:
Ինչպես գրում է «Նյու Յորք Թայմսը», Մաքարթին այդ որոշումն ընդունել է ներկայացուցիչների պալատի խոսնակ, Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ դեմոկրատների առաջնորդը Պենտագոնից պահանջել է ուժի ցուցադրում: Ավելի վաղ Մաքարթին ասել էր, որ պահակներին կտրվեն «M-4» տեսակի կարաբիններ և «Բերետա» ատրճանակներ:
Ազգային գվարդիայի կենտրոնացումը Վաշինգտոնում արդեն սկսվել է: Ընդհանուր առմամբ, հունվարի 20-ին նախատեսվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղակայել 15 հազար պահակի: Պենտագոնում նշում են, որ մտահոգված են հունվարի 20-ին Վաշինգտոնում ծրագրված բողոքի ցույցերով: Նրանց հայտարարությամբ, առնվազն 16 խմբավորումներ նախատեսում են երդմնակալության օրը ցույցեր անցկացնել, որոնց մի մասը պնդում է, որ ցուցարարները զինված կլինեն:
Պաշտպանության քարտուղարությունում ասում են, որ երդմնակալության օրը սպասում են սցենարի ամենավատ զարգացմանը: Այդ թվում քննարկվում է այն տարբերակը, որ ցուցարարները կարող են հարձակվել բարձրաստիճան պաշտոնյաների վրա, կամ օդային տարածք ներխուժեն «կամիկաձե» ինքնաթիռները, ինչպես նաև քննարկվում է ցուցարարների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման տարբերակը: